Այնքան խոսեցինք մշակութային քաղաքականության բացակայության մասին, մի կարգին չհասկանալով էլ՝ ինչ է դա, մինչև մշակույթը սղվեց, մնաց քաղաքականությունը: Երբ տունդ ցուրտ է, խարխուլ, անպատուհան, դժվար է մտածել գեղեցիկ ներքին հարդարանքի մասին: Իրականությունը, որում մենք ապրում ենք, շատ նման է նկարագրածս տանը: Մեր քաղաքում մշակութային իրադարձությունների պակաս չկա: Մշակութային աշխույժը կա, վայրը հարմար չէ: Քայլում ես ծառուղիներով, որ երեկ կանաչ էին, գույնզգույն, այսօր` մերկ, անտերև: Եթե ասես` երեկ և այսօր, արդեն քաղաքականացնում ես:
Մարդիկ աշխատանքը կորցնում են, դժգոհում ենք: Մարդիկ շարունակում են աշխատել իրենց նախկին տեղերում, դժգոհում ենք:
Մարդիկ անտրտունջ ոտք ու ձեռք են կոտրում երթուղայիններում, եթե դժգոհես, քաղաքականացնում ես:
ՀՀ-ից այլ երկրում ապաստան գտած մարզիկի մասին ֆիլմը քաղաքականացնում ենք:
Կինոն մասսայական արվեստ է:
Կինոն քարոզչական հզոր գործիք է:
Կա կինո, որ արգելվում է դիտել անչափահասներին կամ նյարդերից թույլ մարդկանց:
Քաղաքականացնում ես:
Արվեստում արվեստ ես փնտրում՝ քաղաքականացնում ես: Կամ` չես հասկանում:
Նույն քաղաքն է: Նույն մարդիկ:
Երգերն էլ են քաղաքականացվում:
Մեսչյանն էլ:
Չաքմաքչյանի «Քայլող մարդն» էլ:
Եթե չենք քաղաքականացնում, էլի քաղաքականացնում ենք:
Այս քաղաքական քաոսում ծնվեց Դավիթ Սամվելյանի գիրքը` «հակաՔԱՂԱՔական»-ը: Դավիթն ասում է` կա մի բան մեր քաղաքում, որ վեր է, ավելի վեր է, քան քաղաքականությունը:
Բայց կա մի բիրտ ճշմարտություն. եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզնով։
Խնկարկումն էլ է քաղաքական:
Դասադուլ անելն ու չանելն էլ:
Մենք տարբեր կողմ ենք նայում: Տարբեր բևեռներում ենք ապրում:
Վերջին անգամ սթափ ու միասնական ենք եղել Ապրիլյան քառօրյայի օրերին:
Երբեք այդքան սթափ չէինք եղել:
Ապրիլն էլ քաղաքականացվեց:
Հինը նորի մեջ է, նորը` հնի:
Սևն ու սպիտակն էլ քաղաքականացվեցին:
Բոլոր գույները քաղաքական են:
Հինն ու նորն էլ:
Էլ ոչ մեկը մյուսին չի լսում, բոլորը խոսում են:
Հայտնի մարդկանց խոսքը չի լսվում, բոլորը հայտնի են:
Օրվա վերջում վերադառնում ես տուն:
Մենք բոլորս վերադառնում ենք:
Ոչ ոք իր հետևից դուռը չի փակում:
Կանգառում, տանը, թե համաշխարհային սարդոստայնում քամին փչում է բոլոր կողմերից: Կանգառում թե համաշխարհային սարդոստայնում մենք բոլորս մեկ ենք ու մերկ ենք:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ